Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը «Անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկում» անվամբ ստեղծվել է 1929թ.-ին: 1946 թվականին ուսումնական հաստատությանը շնորհվել է նշանավոր գիտնական, կաթնատնտես պրոֆեսոր Ավետիս Քալանթարի անունը, 1965թ միանալով Ստեփանավանի կաթնապրանքային տնտեսությանը, վերանվանվեց «Անասնաբուծական-անասնաբուժական սովխոզ տեխնիկում»: 1995 թվականին վերակազմավորվեց որպես «Գյուղատնտեսական» քոլեջ:

Քոլեջն իր գործունեության ընթացքում տվել է 19000-ից ավելի շրջանավարտներ, ովքեր, աշխատելով հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ղեկավար և միջին օղակներում, նպաստել են գյուղատնտեսության զարգացմանը: Նրանցից շատերը դարձել են ականավոր գիտնականներ, պրոֆեսորներ, դոցենտներ:

Այս ուսումնական հաստատությունում իրենց բեղմնավոր և ստեղծագործական աշխատանքներն են ծավալել այնպիսի ականվոր գիտնականներ, ինչպիսիք են ակադեմիկոս Թամամշևը, պրոֆեսոր Սաքանյանը, դոցենտ Չիտչյանը, Աշուղյանը, Հայրապետյանը, գիտ. թեկնածուներ Ա.Պապյանը, Մ.Ներսիսյանը: Քոլեջի բազմաթիվ մասնագետներ իրենց ավանդն են ներդրել «Կովկասյան գորշ» ցեղատեսակի ստացման գործում:

Նախկինում ինչպես Լոռու տարածաշրջանի, այնպես էլ այլ տարածաշրջանների խորհտնտեսությունների և կոլտնտեսությունների միջին օղակի աշխատողները հիմնականում քոլեջի շրջանավարտներն էին : Ընդ որում, նրանցից շատերը հետագայում շարունակել են իրենց կրթությունը անասնաբուծական-անասնաբուժական կամ գյուղատնտեսական ինստիտուտներում, ստացել բարձրագույն կրթություն, աշխատել են ղեկավար օղակներում և մինչև այսօր էլ շարունակում են իրենց ստեղծարար գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում: Քոլեջն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և խրախուսանքների` 1971 թվականին պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով, 1975 թվականին` համամիութենական փոխանցիկ «Կարմիր դրոշով», 1977 թվականին` ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:

Այսօր էլ քոլեջը շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը` որակյալ կադրեր պատրաստելով, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ մարզերի գյուղատնտեսության ոլորտի համար խիստ անհրաժեշտ հետևյալ մասնագիտություններով.

0721.08.5 — «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»
0811.07.5 — «Անասնաբուժություն»
0413.01.5 — «Մենեջմենթ»
1041.01.5 — «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»
0411.01.5 — «Հաշվապահական հաշվառում»